Դիպլոմային նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  քոլեջ
Դիպլոմային նախագծեր
2018-2019 ուսումնական տարի


Մասնագիտությունը՝ «Այգեգործություն»
Դիպլոմային աշխատանքը՝ Էդուարդ  Հովհաննիսյանի, Սմբատ Պետրոսյանի
Աշխատանքի թեման՝ Խաղողի և գինու դպրոց
Ղեկավար՝ Էդմոն Փաշինյան

Բովանդակություն

  • Ներածություն
  • Գլուխ առաջին. Ակնարկ Խաղողագործության մասին
  • Գլուխ երկրորդ. Խաղողի այգի Սարալանջում
  • Ամփոփում
  • Օգտագործված գրականության ցանկ
  • Կցված աշխատանքային նյութեր
  • Ներածություն

Ներածություն

Շուրջ մեկ տարի առաջ կրթահամալիրում հանձն առանք ստեղծել «Խաղողի և գինու դպրոց», որն իր մեջ ներառում է պատմություն, մշակույթ, կրթություն, արհեստ, աշխատանք, կենսակերպ: Եվ այս դպրոցը հեռանկար ունի պահպանելու ժառանգած  արժեքները, ստեղծելու բնության հետ փոխհարաբերվելու, այն խնամելու և պահպանելու մշակույթ: Նպատակ ունենք ստեղծել, ստեղծածը խնամել և դրանից բարիք ստանալ, և այդ ամենը սովորողների  անմիջական մասնակցությամբ: Նրանք և անգնահատելի փորձ ձեռք կբերեն, որը կարևոր  է և այդ ոլորտում աշխատելիս և առհասարակ կյանքում, կօգտվեն իրենց ստեղծած բարիքներից` խաղող, հյութ, չամիչ, գինի, և իրենց ավանդը կունենան շրջակա միջավայրը ավելի լավ և խնամված դարձնելու գործում:

Բացի այդ, նոր հորիզոններ են բացվում ուսանող երիտասարդների համար կապված Հայաստանում մեծ թափով խաղողագործության  և գինեգործության զարգացման հետ, ինչը լրացուցիչ խթան է այդպիսի դպրոց ստեղծելուն:

Այդ շրջանակում.

  • պարբերաբար ուսումնական ճամփորդություններ ենք ունենում Հայաստանի տարբեր գինեգործարաններ և խաղողի այգիներ, կազմակերպում հանդիպումներ ոլորտում հաջողություն գրանցած խաղողագործների և գինեգործների, խաղողագետների հետ՝ համագործակցության և փորձի փոխանակման նպատակով:
  • կրթահամալիրի մասնաշենքերին կից, մեր ենթակայությանը հանձնված տարածքներում հիմնում և խնամում ենք խաղողի այգիներ և տնկարաններ: Սարալանջում նախատեսում ենք ունենալ ուսումնական-ցուցադրական այգի, ունենք Կանգուն, Վարդագույն Երևան, Խաթուն խարջի, Չարենց, Կախեթ, Սև քիշմիշ տեսակի նորատունկ վազեր, Ագարակի տնկարանում ունենք Չարենց, Կանգուն, Հաղթանակ տեսակի տնկիներ:
  • մասնաշենքերում հատկացված տարածքներում ստեղծում ենք գինեգործարան, մառան, տակառագործության արհեստանոց, լաբորատորիա:

Գլուխ առաջին. Ակնարկ խաղողագործության մասին

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈւԹՅՈւՆ

Խաղողի տեսակները, մշակման և աճեցման եղանակները

Անհիշելի ժամանակներից  խաղողի վազը շռայլորեն ծաոայել է մարդուն` ապահովելով նրան  արժեքավոր սննդամթերքներով, գեղեցկացրել է նրա սեղանը, կենցաղը, ապրելավայրը և աշխարհի շատ երկրների ազգային հարստության աղբյուր է:
Խաղողը պատկանում է խաղողազգիների ընտանիքի բույսերի ցեղին:  Հայտնի է վայրի խաղողի մեկ տեսակ` անտառային խաղողը: Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները` մանր, մուգ մանուշակագույն, հազվադեպ` սպիտակ, մաշկը` հաստ, կոպիտ, շաքարների  պարունակությունը` ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:  Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ`շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից  ստանում են գինիների տարբեր տեսակներ: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան Դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբույրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին և Վարդագույն Երևանիները, Մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն: Խաղողը լուսասեր և ջերմասեր բույս է, հողի նկատմամբ` ոչ պահանջկոտ: Արմատային համակարգը հզոր է, ցողունը մագլցող լիան է (կարող է հասնել  մինչև 20-30մ երկարության), կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Տերևներն ամբողջական են  կամ բլթակավոր: Տերևի հակառակ կողմում զարգանում են 1-3, երբեմն  ավելի ծաղկաբույլեր (ողկույզ): Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի: Պտուղը 1-4 կորիզով է (կան նաև անկորիզ` քիշմիշային սորտեր), տարբեր գույների` սև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն , մանուշակագույն, հյութալի հատապտուղ է: Պտուղները հավաքված են ողկույզների մեջ:
Ողկույզները գլանաձև են, կոնաձև, գլանակոնաձև, ճյուղավոր, թևավոր, պտուղը` կլորավուն, օվալաձև երկար, երկարավուն, հակառակ ձվաձև և այլն:

Խաղողագործությունը հայոց երկրագործության եկամտաբեր ճյուղերից է: Խաղողի թարմ պտուղները, ինչպես նաև, դրանց վերամշակման արդյունքում ստացված տարբեր մթերքները շատ արժեքավոր սննդանյութեր են պարունակում:

Խաղողի         պտուղներում  ջրի քանակը համեմատաբար քիչ է, իսկ խաղողահյութը  պարունակում է 16-35 և ավելի գրամ շաքար, հատկապես հեշտ յուրացվող խաղողաշաքար`գլյուկոզա           և պտղաշաքար` ֆրուկտոզա:

Պտուղների շաքարայնությամբ խաղողի վազը գերազանցում է մյուս  պտղատու մշակաբույսերին:

Խաղողի պտուղը կարևոր վիտամիններ է պարունակում`A, C, P, K, B խմբի և PP, ինչպես նաև զգալի քանակությամբ  տարբեր օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու և այլն): Խաղողի պտղի մեջ առկա են սպիտակուցային նյութեր, պեկտիններ, հանքային նյութեր և այլ մակրո և միկրո տարրեր:

Խաղողի պտուղներն օժտված են բարձր կալորիականությամբ: Թարմ խաղողի օգտագործումը հանգստացնում է մարդու նյարդային համակարգը, վերականգնում է ծանր վիրահատություն տարած մարդու ուժը և երիկամների բնականոն գործունեությունը, բարերար ազդեցություն է ունենում տուբերկուլյոզով  հիվանդների բուժման, աղեստամոքսային և սրտային  հիվանդությունների դեմ պայքարելիս:

Սևապտուղ սորտերի և կարմիր  գինիների դաբաղանյութերը  մանրէասպան ու հակաճառագայթիչ ազդեցություն ունեն: P և K վիտամինները  կանոնավորում են արյունատար անոթների գործունեությունը, չամիչի, նույնիսկ ոչ մեծ քանակությունը  վերացնում  է մարդու  հոգնածությունը, ակտիվացնում է ուղեղի գործունեությունը:

Խաղողի պտուղներից պատրաստում են մարմելադներ, օշարակ, շարբաթ, պահածոներ, սուջուխ, մուրաբաներ, իսկ որոշ սորտերի պտուղները չորացնելով`քիշմիշ (անսերմ) և (չամիչ) սերմով:

Գինեգործության  արդյունաբերության  հիմնական, իսկ կոնյակագործության  միակ հումքը խաղողն է, որի վերամշակումից պատրաստում են  սեղանի, աղանդերային, փրփրուն գինիներ: Սեղանի թեթև գինիներից պատրաստում են բարձրորակ քացախ, խաղողի և գինեգործության  մնացորդներից ստանում են գինեքարային թթու, գինեքար, սեգնետյան աղ, խաղողի սպիրտ, օղի, սև ներկ, իսկ սերմերից` նաև թանկարժեք  յուղ,տանին ու սուրճի սուրոգատ:

Տերևներն օգտագործվում են սննդում: Վեգետացիայի ժամանակաշրջանում վազի վրայից հեռացված կանաչ զանգվածը  լավ կեր է անասունների համար:

Խաղողի վազն օգտագործվում է որպես դեկորատիվ բույս: Դրա հետ

մեկտեղ այն նպաստում է օդում թթվածնի ավելացմանը:

Խաղողի վազն արժեքավոր է նաև նրանով, որ մշակվում է գրեթե բոլոր հողերում, բացի աղակալած և ճահճացած հողերից: Վազն աճում  և առատ բերք է տալիս  նույնիսկ այնպիսի զուտ ավազային և քարքարոտ հողերում, որոնք պիտանի չեն այլ մշակաբույսերի համար: Խաղողի վազի  մշակությունը մեծ հեռանկարներ ունի զառիթափ լանջերում, անապատային, կիսաանապատային հողերում:

Հայաստանը պատմականորեն զարգացած խաղողագործական հնագույն օջախներից է համարվել, որի հիմնադիրը, ըստ ավանդության, Նոյ Նահապետն է, ով կործանիչ ջրհեղեղից հետո՝ իջնելով Արարատի գագաթից, սուրբ լեռան ստորոտում`Արարատյան հարթավայրում, հիմնել է խաղողի առաջին այգին: Այդ ժամանակից ի վեր խաղողագործությունը  դարձել է հայի սրբագործված մշակույթը:  Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման նախապատմական ժամանակների մասին են վկայում հնագիտական պեղումներով հայտնաբերված հարուստ նյութերը, հնագույն ճարտարարապետական կոթողները զարդարող որմնանկարները , բարձրաքանդակներն ու խորաքանդակները`խաղողի ողկույզների, գինու կարասների, շշերի, բաժակների պատկերներով:

Խաղողի վազը իր քաղցր և հյութալի պտուղներով, առաջին վայրի բույսերից է, որը մարդն ընտրել և փոխադրել է իր բնակատեղի, հազարամյակների ընթացքում անընդհատ բարելավելով նրա մշակությունն  ու սորտային կազմը:

Խաղողի վազի էկոլոաշխարհագրական բոլոր խմբերի Արևելյան, Սև ծովի ավազանի. Արևմտաեվրոպական, Հյուսիսաֆրիկյան ժողովրդական սելեկցիայի սորտերը ծագել են տեղական վայրի խաղողից, երկարատև ժողովրդական սելեկցիայով` անընդհատ ընտրության միջոցով:

Մեր տեղական ժողովրդական սելեկցիայի սորտերը պատկանում են Արևելյան խմբին, որոնք ձևավորվել են  Հայաստանի, Միջին Ասիայի, Արևելյան Վրաստանի,

Իրանի, Աֆղանստանի  և  Մերձավոր  Արևելքի  երկրների յուրահատուկ  հողակլիմայական պայմաններում: Այս երկրների հին տեղական  սորտերին յուրահատուկ են  շիվերի  և բերքատու  շիվերի պտղաբերության

ցածր գործակիցները սպիտակ  կամ վարդագույն  խոշոր պտուղները, խոշոր ողկույզները, վազերի  ուժեղ աճը և այլն:

Խաղողի վազը ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ որոշ շրջաններում, օրինակ` Արարատյան դաշտում, ուշ աշնանը այն ծածկում են հողով (այգեթաղ): Իսկ խաղողի բերքահավաքը (այգեկութ) շատ հին ժամանակներից համարվում է տոն:

Խաղողի վազի մշակությունը

Խաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմաններն ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է: Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են.

  1. վազերի էտն ու ձևավորումը
  2. վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում)
  3. կանաչ հատումները (հատկապես շվատումը)
  4. այգու հողի մշակությունը
  5. այգու պարարտացումը և սնուցումը
  6. այգու ոռոգումը
  7. վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը
  8. խաղողի բերքահավաքը

Խաղողի այգում գարնան աշխատանքներն այգեթաղի շրջաններում սկսվում են այգեբացով: Այգեբացը կատարում են սառնամանիքների վտանգն անցնելուց և հողի քեշի գալուց հետո, առանց ձգձգումների` սեղմ ժամկետում: Զգուշությամբ պետք է հեռացնել ծածկող հողաշերտը և բացել վազերի բունը` 10-15սմ խորությամբ, որպեսզի բնի վրա եղած մակերեսային արմատները և ավելորդ բնարմատները հեշտությամբ հեռացվեն: Վազերի էտը մի միջոց է, որով նորատունկ-երիտասարդ վազերին որոշակի ձև է տրվում, իսկ բերքատու վազերից ամեն տարի հեռացվում են հատկապես միամյա մատերի, ինչպես նաև բազմամյա ճյուղերի (թև, ենթաթև) մի մասը, և վազը պահվում է տրված ձևավորման սահմաններում:

Էտի ժամանակ վազին տրվում  է որոշ բեռնվածություն (աչքերի որոշ քանակ) կախված սորտի առանձնահատկություններից, հողակլիմայական պայմաններից և վազի ձևավորման սիստեմից ու մշակման ձևից: Այսպես. օրինակ` Ոսկեհատ սորտի վազին շպալերային այգիներում առանց բնի բազմաթիվ հովհարանման ձևավորման դեպքում տրվում է 80-90 աչք բեռնվածություն, իսկ մրգային այգում, կարճ և խառը էտի դեպքում` 120-130 աչք: Վազի բերքատու մատի էտի երկարությունը կախված է խաղողի սորտից, տեղի հողակլիմայական պայմաններից և մշակման ձևից: Օրինակ` երկար էտ կարելի է կատարել ուժեղ աճ ունեցող սորտերի նկատմամբ, խոնավ, համեմատաբար ոչ շատ շոգ վայրերում, հարուստ հողերում  և լարային այգիներւմ, իսկ կարճ էտ` թույլ աճեցողություն ունեցող սորտերի և վազերի նկատմամբ (Կախեթ, Նազելի և այլ, տաք և չոր վայրերում, աղքատ հողերում և թմբային այգիներում): Էտը կատարվում է այգեգործական մկրատով: Մատը կտրում են աչքից 0,5-1սմ բարձր, աչքին հակառակ թեքությամբ: Էտի ժամկետը կախված է տվյալ շրջանի հողակլիմայական պայմաններից` այգեթաղ շրջաններում (կենտրոնական գոտիներ) էտը կատարում են գարնանը, իսկ մեղմ կլիմա ունեցող շրջաններում, երբ ջերմաստիճանը 00C աստիճանից բարձր է: Խաղողի վազի ձևավորումները բազմազան են: Ձևավորումներից յուրաքանչյուրը լավագույնն է, եթե այն համապատասխանում է վայրի պայմաններին և տվյալ սորտին:

Հայաստանի խաղողագործական տարբեր տարածաշրջաններում՝ ելնելով հողակլիմայական պայմանների բազմազանությունից, բազմաթիվ սորտերի առանձնահատկություններից և մշակության ձևից, վազերին տրվել է տարբեր ձևավորումներ: Արարատյան, Կենտրոնական և Դարալագյազի գոտիների շպալերային այգիներում կիրառվում է առանց բնի բազմաթև հովհարանման սիստեմի ձևավորում, իսկ հին թմբային այգիներում` կարճ և խառը էտ: Հյուսիս-արևելյան շրջաններում, մեկ և երկու թևանի Գյուիոյի, միջակ բարձրությամբ բնով, 3-4 պտղահանգույցներով (բերքատու օղակ) և բազմաթև հովհարանման ձևավորումները: Մեղրու շրջանում ընդունված է Մեղրու տեղական սիստեմի ձևավորումը: Առանց բնի և բնով հովհարանման և Գյուիոյի մեկ ու երկթևանի ձևավորումները թույլ են տալիս մեքենայացնելու այգում կատարվող ծանր աշխատանքների մեծ մասը (վար, կուլտիվացիա, պարարտացում, բուժումներ և այլն): Առանց բնի բազմաթև ազատ հովհարանման ձևավորման դեպքում վազերը կարող են ունենալ 4-8 թև: Թևերը սկսվում են հողի տակից կամ մակերեսից և դասավորվում լարերի վրա: Այս սիստեմը կիրառվում է այգեթաղ շրջաններում, որովհետև ճկուն սիստեմ է և ուզած ժամանակ կարելի է ավելացնել կամ պակասեցնել թևերի քանակը, ծերացած թևերը փոխարինել նորերով: Յուրաքանչյուր թևի կամ ենթաթևի վրա դասավորված են բերքատու օղակներ (պտղահանգույցներ): Բերքատու օղակը կազմված է փոխարինող և բերքատու մատերից: Փոխարինողը գտնվում է բերքատու մատից ցած և էտվում է 2-3 աչքի, իսկ բերքատու մատը` 6-12 աչքի վրա (նայած  սորտի և վազի աճեցողության): Միջակ բարձրությամբ բնով բազմաթև հովհարանման ձևավորումը  համարյա նույնն է, ինչ որ առանց բնի բազմաթև հովհարանման ձևավորումը, միայն այս դեպքում թևերը սկսվում են բնի 40-50սմ  բարձությունից: Գյուիոյի մեկ թևանի ձևավորման դեպքում վազն ունենում է ընդամենը մեկ թև, որի վրա գտնվում է մեկ բերքատու օղակ (մեկ փոխարինող և մեկ բերքատու մատ), իսկ Գյուիոյի երկթևանի սիստեմի դեպքում վազն ունենում է երկու թև, յուրաքանչյուրը մեկական բերքատու օղակով: Մեղրու տեղական համակարգով ձևավորելիս վազերին տրվում է 0,8-1մ բարձությամբ բուն, որի ծայրամասում թողնում են 2-4 մատ` յուրաքանչյուրը էտելով 8-10 աչքի վրա: Բունն ուղղաձիգ պահելու համար նրան կապում են ձողափայտին: Էտից հետո մատերը չեն կապում ձողափայտին, մինչև աչքերից աճած շիվերը հասնում են 1520սմ երկարության (այդ ժամանակ արդեն անցած է լինում ցրտահարության վտանգը): Այնուհետև մատերը, որոնք շիվերի ծանրության տակ թեքվել էին դեպի ցած, կորացնում են և կապում ձողափայտից կամ վազի բնից:

Խաղողի վազերի հենակավորումը տարբեր այգեգործական շրջաններում և մշակության տարբեր ձևերում տարբեր է (շպալերա, ձողափայտ, նեցուկ և այլն): Այժմ բազմազան հենակավորումներից լավագույնը շպալերան է (լարային սիստեմը), որի դեպքում վազերի թևերը, ենթաթևերը և մատերը կապվում են I և երբեմն II լարին, իսկ շիվերը`հաջորդաբար վերին լարերին: Շպալերային այգիներում ծանր աշխատատար ագրոմիջոցառումները` այգեվարը, կուտիվացիան, այգու բուժումները, ինչպես և որոշ չափով այգեթաղը մեքենայացվում են: Այգում շպալեր հիմնելու համար շարքերի եզրերին (վերջին վազից 60-80սմ հեռու) 70 աստիճան թեքությամբ տնկում են խարսխասյուներ, իսկ շարքերի երկարությամբ` 8-10մ հեռավորությամբ միջանկյալ սյուներ: Շպալերային սյուների համապատասխան բարձրությունների վրա ամրացված են կեռեր, որոնց միջով տարվում են ցինկապատ լարեր, ու դրանց վրա (ձգելուց հետո) կատարվում է չոր և կանաչ կապը: Խաղողի վազի կանաչ հատումները էտը լրացնող ֆիտոտեխնիկական կարևոր միջոցառումներ են: Նրանց նպատակն է կանոնավորել վազի նորմալ աճը՝ կանխելով սննդանյութերի ավելորդ ծախսը, լավացնելով օդի և լույսի թափանցիկությունը, նվազեցնելով հիվանդությունների ու վնասատուների զարգացմանը նպաստող պայմանները և հեշտացնել այգում կատարվող աշխատանքները:

Կանաչ հատումները բազմազան են, դրանցից են շվատումը, ծերատումը, բճատումը, շվերի կարճացումը, տերևատումը և այլն: Կանաչ հատումներից ամենակիրառականը և կարևորը շվատումն է, որը կատարվում է բոլոր խաղողագործական շրջաններում և բոլոր սորտերի նկատմամբ: Շվատման նպատակն է` կանոնավորել պտղաբերող և անպտղատու շիվերի փոխհարաբերությունը, ապահովել վազի ճիշտ ձևավորումը և ամենամյա էտը, ստեղծել շիվերի համաչափ ազատ դասավորման հնարավորություն, որպեսզի օդը և արևի լույսը ազատ թափանցեն նրանց մեջ: Շվատելիս հեռացվում են վազի բնի, թևերի, ենթաթևերի և մատերի վրա աճած այն ոչ բերքատու շիվերը, որոնք հետագայում էտի և ձեւավորման համար պիտանի չեն: Շվատելիս պետք է հաշվի առնել շվերի աճի ուժը և հեռացնել այնքան շվեր, որ վազի վրա մնացածները չհեռանան: Միաժամանակ շվատման  ընթացքում պետք է ուղղել էտի ժամանակ թույլ տրված սխալները (հեռացնել վազի վրա մնացած չորուկները, ավելորդ մատերը և այլն): Շվատումը կատարում են երկու անգամ` առաջին շվատումը կատարվում է այն ժամանակ, երբ շվերի վրա պարզ երևում են ծաղկաբույլերը (երբ շվերն ունեն 10-15 սմ երկարություն (մայիսի 10-15-ը), որպեսզի սխալմամբ չհեռացվեն բերքատու շվերը, իսկ  երկրորդ    շվատումը` ծաղկումն ավարտելուց հետո (հունիսի կեսեին): Կանաչ հատումների մյուս գործողությունները կատարվում են` հաշվի առնելով սորտի առանձնահատկությունները և շրջանի հողակիմայական պայմանները: Օրինակ, բճատում են այն սորտերը, որոնք ունեն ուժեղ բճակալման հատկություն, որպեսզի ուժեղացնեն հիմնական շիվերի աճը: Շվերի կարճացումը կատարվում է առավելապես խոնավ շրջաններում և այն էլ փարթամ աճ ունեցող սորտերի նկատմամբ, որպեսզի պակասեցնեն հիվանդություններին նպաստող պայմանները և հեշտացնեն այգում կատարվող աշխատանքները:

Հայաստանի խաղողագործական գոտիների շրջակա միջավայրի հիմնական

գործոնները

Օրգանական աշխարհում ինչպես բոլոր բույսերն, այնպես էլ խաղողի վազը նորմալ աճի, բարձր  և որակյալ  բերքատվության համար շրջակա միջավայրի  որոշակի գործոններ է պահանջում, ինչը  պայմանավորված է նրա ժառանգականությամբ և պատմական անցյալի էվոլյուցիոն զարգացմամբ: Էկոլոգիական են համարվում բոլոր այն գործոնները, որոնք ազդում են վազի աճի և բերքատվության վրա: Դրանք են հողային և կլիմայական պայմանները, գրունտային ջրերի մակարդակը, բնական  և արհեստական ճառագայթումը, օդում առկա գազերը և այլն:

ՀՀ        խաղողագործական հիմնական   տարածքները գտնվում են կիսաանապատների և չոր տափաստանային գոտում: Այստեղ տարածված են  լեռնային գորշ     և             լեռնաշագանակագույն հողերը: Հողային պայմանները, բացառությամբ  ճահճացած  և աղակալած հողերի, միանգամայն բարենպաստ են  խաղողի վազի մշակության համար:

Խաղողի վազն իր ժառանգականությամբ ջերմասեր բույս է, ինչն արդյունք է նրա բարձր ջերմության միջավայրի ծագումով: Հայաստանի կլիմայական գործոնները պայմանավորված են շրջակա միջավայրի ուղղաձիգ գոտիականությամբ, լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով և առանձին դեպքերում` գրունտային ջրերի տարբեր մակարդակով:

Մեր հանրապետությունում  արդյունաբերական խաղողագործությունը զարգացած է Արարատյան հարթավայրի  և նրա նախալեռնային գոտիներում`ծովի մակերևույթից 800-1400մ, հյուսիսարևելյան գոտում`400-1000մ, Վայոց ձորում`       1000մ-ից մինչև 1400-1600մ, Մեղրիում` 500մ-ից մինչև 1500-1600մ, Գորիսի տարածքում` 700-1200մ բարձրության վրա: Վայոց ձորի և Զանգեզուրի տարածաշրջաններում, խաղողի վազի մշակությունը կարելի է տանել  ծովի մակերևույթից մինչև 1700մ բարձրության վրա, հատկապես հարավային և հարավ- արևմտյան  թեքություններում:

Կլիմայի տարրերն են՝ ջերմությունը, լույսը, տեղումները, օդային հոսանքները, օդի հարաբերական խոնավությունը և այլն, որոնք ազդում են վազի աճի և բերքատվության  վրա: Կլիման այն հիմնական գործոնն է, որով պայմանավորված են  խաղողի մշակության գոտին, խաղողագործության մասնագիտացումը և սորտատեղաբաշխումը, այգիների մշակության  համակարգը և խնամքը: Կլիման անմիջականորեն ազդում է վազի աճի  և բերքատվության վրա` բնորոշելով նրա փուլերի անցման տևողությունը, պտուղների հասունացումը, դրանց մեջ շաքարի  և թթուների արդյունավետ կուտակումը:

Ինչպես նշվեց, Հայաստանի  Հանրապետության կլիմայական պայմանները բազմաբարդ են և պայմանավորված են ուղղաձիգ հողակլիմայական գոտիների առկայությամբ, լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով, գրունտային ջրերի տարբեր մակարդակով:

Ձմռան            ամիսներին  Արարատյան             հարթավայրի, նախալեռնային և Վայոց ձորի գոտիների  խաղողագործական տարածքներում սաստիկ ցրտեր են լինում`օդի             ջերմությունը իջնում է  մինչև  -300C-320C-ի, իսկ երբեմն` ձյան մակերեսին, հասնում է մինչև -340C-300C-ի:

Այդ տարածքներում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու համար այգեթաղ է կատարվում: Լինում են դեպքեր, երբ գարնանային ցրտահարությունները վնասում են նաև երիտասարդ շիվերին և ծաղկաբույլերին: Առանձին տարիներին խաղողի վազերին զգալի վնաս են հասցնում նաև աշնանային ցրտերը:   

Հայաստանի այգեգործական շրջաններում խաղողի վազի վեգետացիայի ժամանակաշրջանի  բոլոր օգտակար (10 աստիճանից բարձր) ջերմաստիճանների գումարը  տարբեր է  և այն որոշակի ազդեցություն է գործում սորտերի ընտրության, պտուղներում շաքարի կուտակման  և խաղողագործության  մասնագիտացման վրա:   Հայաստանի կլիման ծովից հեռու գտնվելու  և բարձր  լեռնաշղթաներով  շրջափակված լինելու պատճառով չորային է: Կախված խաղողի վազի  ձմեռելու կլիմայական պայմաններից` առանձնացվում է երեք գոտի: Աոաջին գոտում են այն տարածքները, որտեղ խաղողի վազերը ձմռան նախօրյակին  չեն թաղվում: Այս գոտու սահմանները անցնում են  այն հողամասերով, որտեղ օդի տարեկան նվազագույն մեկուսացման գիծը -150C է: Երկրորդ գոտում ընդգրկվում են սովորական այգեթաղ տարածքները: Այստեղ միջին տարեկան նվազագույն  ջերմաստիճանի  մեկուսացման գիծը սահմանափակվում է -350C-ով: Երրորդ գոտում  այն տարածքներն են, որտեղ ձմռանը օդի ջերմությունը -350C-ից ցածր է, և  այգեթաղի  սովորական միջոցներով հնարավոր չէ վազի օրգանները պաշտպանել ցրտահարությունից, քանի որ հողի մեծ խորությամբ սառչելու հետևանքով արմատները ցրտահարվում են:

Կլիմայական պայմաններից վազի կենսունակության համար կարևոր գործոններից է ջերմությունը, որը բնորոշում է խաղողի վազի մշակության հնարավորությունը կոնկրետ գոտում, վեգետացիայի ժամանակաշրջանում վազի փուլերի անցնելու միջին ժամկետը և այդ ընթացքում  ակտիվ ջերմության գումարը: Ինչքան լրիվ բավարարվեն խաղողի տարբեր սորտերի վեգետացիայի  ժամանակաշրջանի փուլերի ջերմության պահանջները, այնքան լավ կընթանա վազի բոլոր օրգանների աճը, զարգացումը, և տնկարկներից բարձր և որակյալ բերք կստացվի:

Խաղողի վազի` Վիտիս Վինիֆերա տեսակի, Վիտիս Վինիֆերա Սաթիվա  ենթատեսակին պատկանող, մշակության մեջ տարածված բոլոր սորտերի վեգետացիայի ժամանակաշրջանի առաջին փուլը` հյութաշարժությունը, սկսվում է, երբ գարնանը դրանց արմատների հիմնական զանգվածի   տարածման գոտում  հողի ջերմությունը հասնում է 80C-90C-ի, ինչը  կոչվում է վազի կենսաբանական զրո, քանի որ այս ջերմաստիճանից են սկսվում վեգետացիայի  ժամանակաշրջանի  կենսաբանական ակտիվ գործընթացները: Վազի վեգետացիայի շրջանի բոլոր փուլերի համար  պահանջվող ակտիվ ջերմաստիճանների գումարը որոշում են կենսաբանական զրո աստիճանից: Բայց, քանի որ այգեթաղ տարածքներում միշտ չէ, որ հնարավոր է առաջին փուլի սկիզբը ճիշտ որոշել, ապա հաշվառումները կատարում են երկրորդ փուլի  սկզբից:

Սորտերը ճիշտ տեղաբաշխելու համար  պետք է իմանալ խաղողի տարբեր սորտերի աչքերի բացվելու սկզբից  մինչև պտուղների լրիվ հասունացումը պահանջվող ակտիվ  ջերմաստիճանների գումարը:

Հողամասի միևնույն բարձրության դեպքում ակտիվ ջերմության գումարը  հարթավայրում 40-45-ով պակաս է լինում, քան 10-ից  ավելի թեքություն ունեցող լանջերում:

Կարևոր է նշել, որ ծովի մակերևույթից յուրաքանչյուր 100մ բարձրանալուն զուգընթաց հարավային  թեքություններում  ակտիվ ջերմության գումարը  իջնում է 200.0-ով, իսկ լեռնային հարթավայրերում  և  բարձրավանդակներում` 150.0-200.0-ով:   Հողամասի ջերմությունը կախված է ոչ միայն օդի ջերմաստիճանից, այլև ռելիեֆից, հողի մեխանիկական կազմից, ֆիզիկական և խոնավունակության հատկություններից, հողի գույնից և այլն :

Ձմռան ընթացքում կավային, ծանր կավային և մեծ քանակությամբ հումուս պարունակող  հողերը  ավելի քիչ խորությամբ են  սառչում, քան թեթև և հումուսով աղքատ  հողերը:

Խաղողի վազի բերքատվության համար ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը  պետք է լինի 180C-ից ոչ պակաս: Աշխարհի խաղողագործական բոլոր գոտիներում, ակտիվ ջերմաստիճանների գումարով, սորտերը խմբավորում են ըստ պտուղների հասունացման ժամկետների, ինչպես նաև որոշում են դրանց տեղաբաշխումը և բերքի օգտագործման ուղղությունը (մասնագիտացումը):   Խաղողի և դրանից վերամշակված գինիների որակի վրա մեծ ազդեցություն են գործում նաև մթնոլորտային տեղումների քանակը, օդի ու հողի խոնավությունը, հողային պայմանները:   Հանրապետության խաղողագործական բոլոր շրջաններում, չնչին բացառությամբ, տարեկան տեղումների քանակը  500մմ-ից պակաս է, իսկ օդի

հարաբերական խոնավությունը ցածր, այդ պայմաններում այգիները արհեստական ոռոգման խիստ պահանջ ունեն: Ըստ  Ֆ.Ֆ. Դավիթայայի` խաղողագինեգործության  արտադրության տարբեր ուղղությամբ մասնագիտացման  համար, մթնոլորտային

տեղումների քանակը (մմ) պետք է լինի շամպայն գինենյութի համար`400-1200, սեղանի գինիների`400-1200, աղանդերային տեսակավոր գինիների `350-800 (աշնանը մթնոլորտային քիչ տեղումներով), պտուղների չորացման համար` 200-500:

Պտուղների հասունացումը սկսվելուց հետո առատ անձրևները բացասաբար են ազդում բերքի որակի վրա: Մթնոլորտային տեղումները, բերքահավաքից մեկ ամիս առաջ, ինչքան քիչ լինեն, այնքան բարձր կլինի պտուղների որակը: Օդի և հողի խիստ չորային պայմաններում, ինչպես նաև օդի բարձր խոնավության  և ամպամած եղանակի դեպքում, թուլանում է տերևների ասիմիլյացիան, ընկնում է պտուղների շաքարայնությունը: Վեգետացիայի  4-րդ  փուլում` պտուղների աճի ժամանակ, որքան շատ լինեն մթնոլորտային տեղումները, այնքան բարձր կլինի պտուղների թթվությունը:

Հողային պայմանները նույնպես որոշակի ազդեցություն  են գործում վազերի աճի, բերքատվության, պտուղների  և գինիների որակի վրա: Շամպայն գինիներ պատրաստելու համար խաղողի այգիներն ավելի լավ է հիմնել կարբոնատային, կավավազային, միջակ ծանրության  և լավ տաքացող հողերում: Կարմիր, էքստարկտով հարուստ գինիների համար սևապտուղ սորտերը պետք է տնկել կավային  և կավային-քարքարոտ հողերում: Սեղանի թեթև սպիտակ գինիների համար  արդյունավետ են ավազակավային և խճային հողերը: Սեղանի սորտերի մշակությունը պետք է տանել բերրի սևահողերում և կավային, կավաավազային խոնավությամբ ապահովված հողերում:

Հայաստանի խաղողագործական հիմնական տարածքները գտնվում են կիսաանապատների և չոր տափաստանների գոտում: Այստեղ տարածված են լեռնային գորշ և լեռնաշագանակագույն հողերը:

Խաղողի միևնույն սորտը, կախված ծովի մակերևույթից, տեղամասի բարձրությունից, ռելիեֆից, լանջի կողմնադրությունից, ակտիվ ջերմաստիճանների գումարից, պտուղներում կուտակում է տարբեր քանակի շաքար ու թթուներ, որոնք ուղղակիորեն անդրադառնում են գինու քիմիական ցուցանիշների  և որակի վրա:

Հայաստանի      կլիմայական      բարենպաստ      պայմաններում,       հատկապես

Արարատյան հարթավայրի  նախալեռնային գոտու ցածրադիր մասերում և Մեղրիում, խաղողը համեմատաբար բարձր շաքարայնություն, ինչպես նաև

բուրավետ, ներկող, ազոտային և այլ արժեքավոր նյութեր է  կուտակում և լավագույն  հումք է բարձրորակ  աղանդերային  գինիների արտադրության համար:

Հայկական գինիների տեսականիում, տեղականների հետ մեկտեղ .ընդգրկված են նաև աշխարհահռչակ գինիների գրեթե բոլոր տեսակները` Պորտվեյն, Մադերա, Խերես, Կագոր, Մալագա, Մուսկատ և այլն, որոնք միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում համտես-մրցույթներում բազմիցս արժանացել են  բարձր պարգևների` հաճախ գերազանցելով բնօրինակներին:

Գլուխ երկրորդ. Խաղողի այգի Սարալանջում

Մայր դպրոցին կից տարածքը, որը կոչել ենք Սարալանջ, տասնամյակներով անուշադրության մատնված տարածք էր, ինչը պայմանավորված է նրանով, որ տեղանքը չափազանց անմատչելի է և նպատակահարմար չէ  ինչ-որ բան ստեղծելու համար: Սակայն, մենք, չվախենալով մարտահրավերներից, հանձն առանք այդ տարածքը կենդանացնելու գործը` ստեղծելով այդտեղ խաղողի ուսումնական այգի: Անմատչելիություններն են մեծ թեքությունը, ինչի համար և տարածքը Սարալանջ ենք կոչել, անպիտան կավահողը, որի վրա հնարավոր չէ այգի հիմնել, ահռելի բազալտե քարերը, որոնք թողնվել են այդտեղ տարիներ առաջ՝ հարևան շենքերի շինարարության ժամանակ, և բնակիչների անտարբեր վերաբերմունքը, որոնց համար դա պարզապես աղբանոց էր:

Նախապես լուծում տվեցինք ոռոգման ջրի հարցին՝ անցկացնելով ոռոգման ցանց: Նաև տեղադրեցինք 2400 լիտր տարողությամբ ջրի բաք՝ ջուրը ամբարելու և ոռոգում չլինելու դեպքում` օգտագործելու համար:

Խաղողի փոսերը փորվեցին շարքի մեջ 1.5 մետր հեռավորության և շարքերի միջև 2.5 մետր հեռավորության վրա՝ 60 սմ. խորությամբ: Փոսի տակը լցրեցինք գոմաղբ մեկ դույլի չափով, որը նախապես բերվել էր Ագարակից:  Ավելացրինք 150 գր. կալյումական աղ, 200 գր. սուպերֆոսֆատ և խառնեցինք: Ապա վրայից լցրեցինք բարակ շերտով հող՝ նախապես խառնված՝ կարմիր ավազի հետ՝ 1:2 հարաբերությամբ: Արդեն ամեն ինչ պատրաստ էր խաղողը տնկելուն: Նախքան տնկելը` ջրում ենք փոսը, ապա դրա մեջ իջեցնում նախապես ձեռքբերված տնկին, կողքերով լցնում հող նույնպիսի 1:2 հարաբերությանբ ավազի հետ՝ խառնած, և վերջում կրկին  ջրում:

Չնայած տարված աշխատանքներին, դեռ շատ գործեր կան Սարալանջում` մեր երազած այգին ունենալու համար, բայց ամենակարևորն այն է, որ սկիզբը դրված է:

Ամփոփում

Շատ խաղողագործների հետ շփվելիս հանդիպում ես այն պնդմանը, որ խաղողը տարբերվում է բոլոր  մնացած կուլտուրաներից:  Օրինակ` ծիրանի մշակությունը կարող ես սովորել մեկ-երկու տարում և սովորածիդ հիմքի վրա աշխատես առանց նոր գիտելիքների անհրաժեշտության, իսկ խաղողի մշակության համար, ինչքան զբաղվես դրանով, այդքան պիտի սովորես՝ էտի եղանակների կատարելագործում, նոր հիվանդությունների և վնասարարների դեմ կանխարգելիչ միջոցներ, նոր դեղորայքներ, որոնք ավելի քիչ բացասական ազդեցություն են ունենում վազի կամ խաղողի վրա,  շատ ու շատ այլ բաներ որոնք կատարելագործվում են, ու մենք ուղղակի չենք կարող չհետևել դրանց: Նույնը կարելի է ասել գինեգործության մասին. կան  խաղողի բազմաթիվ սորտեր, որոնք համադրելով կարելի է նոր գինիներ ստանալ, բազմաթիվ տեխնոլոգիաներ՝ իրենց յուրահատկություններով, առավելություններով և թերություններով: Այսպիսով, մենք դեռ երկար սովորելու և կայացման ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի ունենանք Խաղողի և գինու կայացած դպրոց, որը կունենա սեփական ձեռագիր և կլինի յուրահատուկ:

Այդ դպրոցում ուսանողները կստանան համապատասխան որակավորում, պրակտիկա, անգնահատելի փորձ՝ բնության հետ ներդաշնակ գործելու, այն լավացնելու և դրանից օգուտ քաղելու,  կստանան նյութական բարիք՝ իրենց ձեռքով ստեղծած, ինչը պակաս կարևոր չէ:

Օգտագործված գրականության ցանկ  

* http://agroecoarm.com/wp-content/uploads/2016/07/%D4%BD%D4%B1%D5%82%D5%88%D5%82%D4%B1%D4%B3%D5%88%D5%90%D4%BE%D5%88%D6%82%D4%B9%D5%85%D5%88%D6%82%D5%86-%E2%80%93-Viticulture.pdf

Կցված աշխատանքային նյութեր 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s